Հայրական կողմս ծագում է Արևմտյան Հայաստանից։ Արմատներով Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի Ալաշկերտ քաղաքից ենք։ Պապիկիս ընտանիքը գաղթել են Հայաստան 1828 թ․-ին, իսկ տատիկիս կողմը՝ 1904 թ-ին և բնակություն են հաստատել Արագածոտնի մարզի Դադալու գյուղում և Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։ Ժամանակի ընթացքում ընտանիքի մի մասը տեղափոխվել է Թալին քաղաք և Երևան։ Հայրս ծնվել է Թալին քաղաքում և 90-ականների վերջին տեղափոխվել է Երևան։ Ընտանիքում հպարտությամբ են պատմում, որ հորս ապուպապերից մեկը եղել է Մշո Սուրբ Կարապետի վանքի հոգևոր հայրերից մեկը։ Ես հպարտանում եմ նրանով, որ այդ վանքը, որում հայրիկիս պապերից մեկը՝ Տեր Մանվելը ծառայել է որպես հոգևորական, ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մահից հետո մարմինը ամփոփվել է սուրբ Կարապետ կոչված մատուռի տակ։ Սուրբ Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։
Մայրական կողմի պապերս արմատներով Թիֆլիսից են, Մեղրիից և Վրաստանի Շուլավեր գյուղից։ Այստեղ ևս հպարտանալու շատ բան բան ունեմ։ Մայրիկիս տատիկը Նիկոլայ Փիրումովի թոռն է։ Փիրումովը հայտնի հայազգի գործարար էր և Թիֆլիսի պատվավոր քաղաքացի։ Թիֆլիսում մինչ օրս կա նրա անունով կոչված հրապարակ։ Մայրիկիս երկու պապերն էլ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Տատիկիս մայրը ծնվել և մեծացել է Թիֆլիսում, իսկ հայրը ծնվել է Մեղրիում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ որպես հետախույզ, այնուհետև տեղափոխվել է Երևան։ Իսկ մայրական պապիկիս ծնողները ծնվել և մեծացել են Վրաստանի հայաբնակ Շուլավեր գյուղում, Երևան են տեղափոխվել ուսանողական տարիներին։ Մայրիկիս պապը ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վերադառնալուց հետո շարունակել է զբաղվել գիտությամբ և մոտ 30 տարի ղեկավարել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետը։